«Իրատեսը» շարունակում է զրույցը արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:
-Պարոն Նավասարդյան, ակնհայտ է, որ մենք պարտվել ենք դիվանագիտության մեջ բազմաթիվ ճակատներում: Ո՞րն է այս իմաստով Հայաստանի մեծագույն սխալը:
-Մեծագույն դիվանագիտական սխալ էր Հայաստանի կողմից Արցախի անկախությունը չճանաչելը:
-Այս տարածաշրջանում բախվում են խոշոր աշխարհաքաղաքական շահեր: Ի՞նչ է սպասվում այս իմաստով:
-Մի տեսության մասին խոսեմ. պատմությունը, ըստ երևույթին, ցիկլային հատկանիշ ունի, կրկնվում է: Ինչ որ կատարվում է հիմա, հիշեցնում է 20-րդ դարի առաջին կեսը: Միջազգային ուժերը, այդ թվում և Ռուսաստանը՝ ի դեմս Ստալինի, գտան մեկին՝ Հիտլերին, որին պետք է պատրաստեին պատերազմի: Հիմա նույն բանը կատարվում է Էրդողանի պարագայում: Ըստ որում՝ շատ ակտիվ են աշխատում անգլիացիները: Բազմաթիվ փաստեր կարող եմ ներկայացնել՝ ասածս հաստատող: Տեսեք, թե ինչպիսի ներկայություն ունի Անգլիան Ադրբեջանում: Այստեղ Անգլիայի դեսպան է Շարփը, որը ՄԻ 6-ի՝ անգլիական հետախուզության կադրային սպա է: Քիչ երկրներում է հնարավոր գտնել արտաքին հետախուզության և դեսպանի գործառույթները համատեղելու փաստ: 1937-ից հետո նման բան ընդհանրապես չի եղել: Իսկ անգլիական հետախուզության՝ ՄԻ 6-ի ղեկավարն է Մուրը, որը երկար տարիներ աշխատել է Թուրքիայում՝ որպես դեսպան: Սրանք պատահական փաստեր չեն: Ինչպես ասացի, թուրքերը համառ կերպով մտնում են Կովկաս: Եվ դա վաղուց է սկսվել: 1990 թվականին Հեյդար Ալիևը գնաց Անգլիա, և դրանից հետո նրանց հարաբերությունները շատ ջերմացան: Մարգրետ Թեթչերի տղան փորձեց բիզնեսով զբաղվել Ադրբեջանում, բայց չստացվեց: Հիմա Ադրբեջանում է գտնվում Անգլիայի թագուհու թոռնիկը՝ Էնդրյուն: Անգլիացիները ոչ միայն մտնում են Ադրբեջան, այլև ինստիտուցիոնալ փոփոխություններ են կատարում այնտեղ: 500-ից ավելի ադրբեջանական կազմակերպություններում նրանք ներկայություն ունեն: Շատ անգլիացիներ ունեն ադրբեջանական անձնագրեր: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս ամենով. նախ՝ հնարավորինս արագ վերացնել Արցախը, հետո տեսնել, թե ինչ կարելի է անել Հայաստանի հետ: Բայց հիմնական նշանակետն ուղղված է այն բանին, որ Ռուսաստանը և Իրանը վտարվեն այս տարածաշրջանից:
-Իրանն այս բանը չի՞ գիտակցում, որ այսօր սիրախաղ է անում Ադրբեջանի հետ՝ ի վնաս Հայաստանի և Արցախի:
-Դա Սասանյան դիվանագիտության խորամանկության դրսևորում է: Եվ այստեղ կա մերոնց մեղքը ևս: Թեհրանում ամեն բան շատ լավ գիտեն, բայց մեր դիվանագիտությունը պետք է աշխատեր, անընդհատ պետք է շեշտադրեր, որ այս տարածաշրջանում մի վտանգավոր պետություն կա Իրանի համար, և այդ պետությունն Ադրբեջանն է: Որովհետև Ադրբեջանն այսօր դարձել է ռազմաբազա՝ բառիս բուն իմաստով: Ռազմաբազա, որը և՛ տիեզերական միջոցներով, և՛ ցամաքային, և՛ օդային, սպառնալիք է Իրանի դեմ: Պատերազմի ընթացքում Նեթանյահուն հայտարարեց, որ Ադրբեջանն իրենց բարեկամն է, իրենք նրան մեծ քանակությամբ զենք են մատակարարում: Նաև Ամերիկան և Անգլիան են այս դիրքերում կանգնած: Նրանք Ադրբեջանում պատրաստել են մի ուժեղ բռունցք՝ Իրանին հարվածելու համար: Եթե Իրանը կարծում է, թե ինքը կվարի չեզոք քաղաքականություն և դրանով կփոխի այդ պետությունների դիրքորոշումը, շատ է սխալվում:
-Դե, դա Իրանի խնդիրն է: Մենք մեր մասին հոգանք: Ի՞նչ է մեզ սպասում:
-Հայաստան խաղաղապահներով մուտք գործելու ռուսական քայլը ուղղված է և՛ Թուրքիայի ծավալապաշտությանը, և՛ Անգլիայի դեմ է: Ռուսաստանը հասկանում է, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի նոր հենակետ է դառնում Կովկասում: Այս է պատճառը, որ Ռուսաստանը հապշտապ մտավ Հայաստան, որպեսզի կարողանա գոնե վերահսկել ստեղծված իրավիճակը: Այն երկու երևույթները, որոնց դեմ պայքարում է Ռուսաստանը վերջին տարիներին, խոսքը ՆԱՏՕ-ի և ահաբեկիչների մասին է, այսօր հասել են իր սահմաններին: Նկատի ունենալով այս տուրբուլենտային իրավիճակը՝ չի կարելի բացառել, որ այստեղ կծագի մեծ պատերազմ, և Հայաստանը կհայտնվի դրա մեջ:
-Մենք ոչ միայն հոգեբանորեն, այլև տնտեսապես, ռազմական իմաստով կոտրված ենք: Ռուսաստանն է լինելու հակամարտության կողմ: Իսկ ո՞վ կլինի Ռուսաստանի կողքին: Գուցե Չինաստա՞նը:
-Չինաստանի հարցում մենք մեծ բացթողում ենք ունեցել: Չինացիները շատ լավ էին տրամադրված՝ Հայաստանի հետ սերտ համագործակցություն հաստատելու հարցում: Ես սա գիտեմ փաստերով, անմիջական կապ եմ ունեցել Չինաստանի դեսպանության աշխատակիցների հետ: Չինաստանն այստեղ կառուցեց ամենամեծ դեսպանությունը: Չինաստանի քաղաքական վերնախավը դիտում էր Հայաստանը՝ որպես պանթյուրքիստական ծրագրի դեմ արգելք: Այսօրվա իշխանությունները հաշվի չառան դա: Չինաստանը մեզ 4,5 միլիարդ դոլար առաջարկեց՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության համար: Մեր ղեկավարությունը մերժեց այդ առաջարկությունը՝ հայտարարելով, որ այդ ծրագիրն իրականացվում է Եվրամիության աջակցությամբ: Չինացիք այստեղ ինչ-որ կազմակերպություն ունեին, որոնց դեմ դատական գործ բացեցին: Հետո մեջտեղ եկավ Մետաքսի ճանապարհը: Երբ նրանց նախագահը՝ Սին, երկու տարի առաջ գումարեց գագաթնաժողով, մեր վարչապետը չմասնակցեց: Ես հարց տվեցի նրա օգնականին՝ Արսեն Գասպարյանին, թե ինչու վարչապետը չմեկնեց Չինաստան, նա պատասխանեց՝ ի՞նչ կարևոր էր գնալը: Եվ մերոնց ամենամեծ սխալը, որ չինացիները, լինելով Արևելքի ժողովուրդ, երբեք չեն ների այն, որ ամերիկացիների խնդրանքով մտան կրոնական մի կազմակերպության մեջ, որը գործում է Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի դեմ: Դա իբրև թե քրիստոնեական կազմակերպություն է, բայց իրականում թիրախավորել է այս երեք երկրները, հատկապես՝ Չինաստանը: Եվ պատահական չէ, որ Չինաստանը բացարձակ անմասն մնաց մեր երկրում ծավալված պատերազմական իրադարձություններին: Այնինչ Չինաստանը և Իրանն ունեին այնպիսի հարաբերություններ, որոնք կօգնեին մեզ որոշակի կարգավիճակ ձեռք բերելու տարածաշրջանում: Նրանք 25 տարով փոխգործակցության պայմանագիր են պատրաստվում ստորագրելու, որի արժեքը 600 միլիարդ դոլար է: Եվ մենք ուղղակի դուրս ենք դրված այդ գործարքից: Բացի այդ, Չինաստանը սերտացնում է հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ավելացնեմ, որ ամերիկացիները կարող են լավացնել հարաբերությունները Անկարայի հետ՝ ի վնաս Մոսկվա-Անկարա հարաբերությունների։
-Ռուսաստանն էլ, Անկարայի հարվածն իր վրա չընդունելու համար, պիտի զոհաբերի՞ հայերին ու Հայաստանը:
-Փաստ չէ։ Չմոռանանք, որ այստեղ գնում է քրիստոնեական և մուսուլմանական աշխարհների միջև հակասությունների սրում: Էրդողանը շատ մեծ ծրագրեր ունի, հիմա նրանք թուրանական բանակն են ուզում կազմել: Ինչպես իրենք են ասում՝ 100 միլիոն ժողովրդի բանակ: Դրան հավանաբար կմիանան Ղազախստանը, Կիրգիզիան, ՈՒզբեկստանը, Թուրքմենիան: Թուրքիան ռազմական համագործակցություն է հաստատում ՈՒկրաինայի հետ, որը սպառնում է հարձակվել Դոնեցկի վրա՝ Ղրիմի թաթարների համագործակցությամբ: Մոլդովան պոկվել է Ռուսաստանից՝ իր ամերիկամետ նոր նախագահի ընտրությունից հետո: Լուկաշենկոն հայտնի քաղաքական անբարոյական է, այս մասին չխոսեմ: Մնում է Կովկասը՝ այնպիսին, ինչպիսին կա: Թուրքիան, օգտագործելով տնտեսական կամ ինտերկոռուպցիոն սխալները, պայմանագիր կնքեց՝ Աքյույում ատոմակայան կառուցելու մասին: Իսկ որտեղ ատոմակայան, այնտեղ էլ ատոմային զենք: Իհարկե, ռուս շատ վերլուծաբաններ քննադատեցին ռուսական կողմին այդ պայմանագիրն ստորագրելու համար: Հարցն այն է, որ աշխարհում տասից ավելի երկիր ունի միջուկային զենք: Հաջորդ այդպիսի երկիրը պիտի լինի Թուրքիան: Եթե Թուրքիան ունենա միջուկային զենք, Էրդողանն արմագեդոն կսարքի աշխարհում, եթե նրան մինչ այդ չկանգնեցնեն, իհարկե:
-Դուք կարծում եք, թե ամեն բան Էրդողանի անձո՞վ է պայմանավորված: Եթե Թուրքիայի նախագահը նա չլիներ, ա՞յլ կերպ կդասավորվեր իրավիճակը մեր տարածաշրջանում ու աշխարհում:
-Ես չեմ ասում, թե ամեն բան որոշում են անհատները, բայց աշխարհաքաղաքական ամբողջ ընթացքը բերեց այդպիսի մի անձնավորության ասպարեզ գալուն, և այդ անձնավորությունը շատ լավ օգտվում է իրավիճակից: Ասեմ նաև՝ Ադրբեջանն էլ է պատրաստվում ատոմակայան կառուցելու:
-Մի բան չեմ հասկանում. իրենք պատրաստվում են կառուցելու ատոմակայաններ, մենք վաղուց ունենք: Ասում եք՝ որտեղ ատոմակայան, այնտեղ ատոմային զենք: Մենք ինչո՞ւ չունենք ատոմային զենք:
-Հարցրեք մեր իշխանություններին: Դեռ 1990-ականներին մեր հիմարները, փոխանակ ստեղծելու ատոմային զենք, սկսեցին աջ ու ձախ հայտարարել դրա հնարավորության մասին, թերթերում գրվեցին ինչ-որ բաներ այդ թեմայով:
-Դրա համար էլ Ժիրինովսկին հայտարարեց, թե Հայաստանն ատոմային գերտերություն է:
-Այո՛: Եվ անձամբ ինձ էլ միջազգային բարձրաստիճան դեմքեր հարցրել են, թե իսկապե՞ս Հայաստանն ունի ատոմային զենք: Կարծում եք՝ մյուս բոլոր երկրներն ստեղծո՞ւմ են ատոմային զենք: Ո՛չ, գնում են: Իսրայելն ատոմային զենք չի ստեղծել, գնել է: Եվ գիտե՞ք ումից՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Այդքան քննադատում ենք հրեաներին: Բայց տեսեք, թե ինչպես կարողացան ստեղծել մի պետություն, որի տարածքում ո՛չ ջուր կա, ո՛չ հանք կա, ո՛չ մի ուրիշ հարստություն: Մենք ինչո՞ւ չենք կարողանում, ունենալով այսպիսի հնարավորություններ, մի նորմալ պետություն ստեղծել: Այս հարցի պատասխանը պետք է գտնել: Եթե կարողանանք գտնել և ուղղել մեր սխալները, դեռ հնարավոր է ինչ-որ բան փրկել: Կա այսպիսի մի կարծիք՝ հարկ է ստեղծել Հայաստան ամրոց-պետություն՝ իր հզոր ռազմական պոտենցիալով, բարձր տեխնոլոգիաներով, ժամանակակից գիտությամբ և կրթությամբ, արդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։ Այսօրվա տուրբուլենտային աշխարհում, հատկապես պատերազմում տանուլ տալուց և Արցախը, փաստորեն, կորցնելուց հետո, մենք միայն այդ կերպ կարող ենք դառնալ XXI դարի քաղաքակիրթ երկիր, պահել մեր պետականությունը, ազգային ոգին ու արժեքները:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ